National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
14.04.2023
Եթե հակառակորդը ոտնձգություն պետք է անի, ապա պետք է իմանա, որ հարվածը ստանալու է. Անդրանիկ Քոչարյան
1 / 4

ՀՀ զինված ուժերը հակահարված տվեցին, իհարկե, ունեցանք զոհեր: Ես չեմ ուզում նրանով մխիթարվենք, որ նրանց զոհերն ավելի շատ են եղել, քան մերը: Եթե ԶՈՒ-ի նման կեցվածքը չունենայինք, ադրբեջանական ուժերը շատ ավելի խորք կթափանցեին եւ կտեղակայվեին այդտեղ: Հետագայում մենք պետք է ելնենք նրանից, որ Զինված ուժերի ե'ւ կարողությունները, ե'ւ ուժը պետք է լինեն այն մակարդակի վրա, որը պետք է լուծի իր առջեւ դրված խնդիրը: Այն, ինչը մերն է, մերն է: Եթե հակառակորդը ոտնձգություն պետք է անի, ապա պետք է իմանա, որ հարվածը ստանալու է: Զինված ուժերն իրենց առջեւ դրված խնդիրը պետք է առանց հանձնարարականի էլ իրականություն դարձնեն: Այս մասին ԱԺ նիստերին հաջորդող ճեպազրույցների ժամանակ ասել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին, որ ընդդիմությունը կարծում է` Տեղ գյուղի մոտակայքում տեղի ունեցած դեպքերն իշխանության բացթողումն է եղել:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ հավելել է, որ երբ ընդդիմությունը մեղադրում է քաղաքական իշխանությանը Տեղ համայնքում տեղի ունեցած միջադեպի համար, երեկվա փակ հանդիպման ժամանակ ընդդիմության համար ակնհայտ է եղել, թե ինչպես են տեղի ունեցել դեպքերը: Դա ակնհայտորեն Ադրբեջանի հերթական սադրանքն է ՀՀ սուվերեն տարածքում սուվերեն տարածքի նկատմամբ:

Լրագրողը նաեւ հետաքրքրվել է, թե երբ է վարչապետը տվել հանձնարարականները, որոնց մասին նա խոսել է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, եւ ինչու չեն կատարվել այդ հանձնարարականները:

Անդրանիկ Քոչարյանի խոսքով վարչապետի հանձնարարականները չեն կարող չկատարվել, պարզապես կարող են թերանալ դրանք կատարելիս: «Թերություններ, իհարկե, կան, հետամուտ ենք, որ այդ թերությունները բացահայտվեն եւ մեղավորները պատժվեն: Հանձնարարականները տրվում են այնտեղ, որտեղ քննարկվում են իրավիճակները: Դրանք կարող են տրված լինել Անվտանգության խորհրդի նիստերում»,-պարզաբանել է Անդրանիկ Քոչարյանը եւ նշել, որ  հանձնարարականները տրվել են ադրբեջանական ԶՈՒ-ի առաջխաղացումից առաջ:

Անդրադառնալով նախորդ օրն ընդդիմության նախաձեռնությամբ Ազգային ժողովում ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի մասնակցությամբ կայացած փակ հանդիպմանը` պատգամավորն ասել է, որ քննարկումը միտված է եղել նման իրավիճակները բացառելուն, ոչ թե մեղավորներ փնտրելուն: Նրա խոսքով Տեղ գյուղի մոտակայքում տեղի ունեցած դեպքերի հետ կապված ծառայողական քննություններ անպայման կլինեն:

Ծառայողական քննություն անպայման կլինի ԱԱԾ-ում, անհրաժեշտության դեպքում` նաեւ Զինված ուժերում:

Լրագրողը հետաքրքրվել է նախորդ օրը վարչապետի կողմից արված այն հայտարարությամբ, թե Հայաստանը պատրաստ է զորքերը ետ քաշել Հայաստան-Ադրբեջան 1991 թվականի քարտեզների սահմանային գծի ամբողջ երկայնքով, ինչին ի պատասխան Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը նշել էր, թե Նիկոլ Փաշինյանը պետք է պարզաբանի, թե ինչ նկատի ուներ այդպես ասելով:

«Այնքան ակնհայտ է, պատասխանն իրենք էլ ունեն: Եվ այդ պատասխանը մեր պետական սահմանի արձանագրված հատվածն է, եւ այդտեղ որեւէ խնդիր գոյություն չունի: Թե ինչ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը, դա առաջին անգամ չի հնչեցվում, որ զորքը հայելային տեղաշարժ անենք, ինչը մնացել է անպատասխան»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը` հավելելով, որ Հայաստանը շարժվում է իր ձեռքի տակ եղած ԽՍՀՄ քարտեզներով, որոնց ռազմական մասը հաստատված է Գլխավոր շտաբի կողմից:

Անդրադարձ է եղել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, որով Ռուսաստանը Հայաստանից պարզաբանում է խնդրել ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններին մասնակցելու կապակցությամբ, ինչին ի պատասխան «Քաղաքացիական պյմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ասել է, որ Հայաստանն առաջ է շարժվում ՀՀ պետական շահերով եւ ամեն ինչ անում է` իր Զինված ուժերի  մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ եւ այդպես էլ շարունակվելու է: «Հայաստանն իր ռազմավարական գործընկերոջ` Ռուսաստանի հետ շարունակում է ջերմ, բարեկամական, ռազմավարական հարաբերությունները, իր ջերմ հարաբերությունները շարունակում է նաեւ այլ երկրների մեր գործընկերների հետ եւ ամեն ինչ անում է` ի նպաստ ՀՀ զինված ուժերի զարգացման եւ մարտունակության բարձրացման»,- ասել է խմբակցության քարտուղարը: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am